10/17/2014

Կրթություն-աշխատաշուկա՝ հաջողված փորձ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է   «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Շնորհավորելով ընկերության աշխատակիցներին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի կրթական համակարգում  բարձր տեխնոլոգիաների  կարևոր դերակատարումը և շեշտել, որ  Սինոփսիս Արմենիա ընկերության բուհական համակարգի հետ համագործակցության փորձը հաջողվածներից է կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում:

Ընկերության կրթական ծրագրերը նոր հեռանկարներ են բացում հայ երիտասարդների ինտելեկտուալ և ստեղծագործական մտքի բացահայտման համար՝ ընդգծելով հայկական ներուժի առկայությունը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացման գործընթացում:Ա. Աշոտյանը կարևորել է կրթական ծրագրերում մասնավոր հատվածի մասնակցությունը՝ շեշտելով, որ կրթության ասպարեզում արված ներդրումները հեռանկարային են զարգացող  ցանկացած ոլորտում և  ապահովում են երաշխավորված փոխհատուցում՝ որակյալ կադրային ռեսուրսի տեսքով: Հոբելյանական միջոցառմանը մասնակցել է նաև  Սինոփսիս ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, ում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) Միության կողմից շնորհվել է Ոսկե մեդալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի, որակավորված մասնագետներ ապահովելու և կրթության բնագավառում կատարած ներդրումների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Իմ գրադարանը