7/22/2011

Համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ լայն թափով են զարգանում մեր երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կրթության ու գիտության ոլորտում ևս առկա են համագործակցության զարգացման լուրջ հեռանկարներ:

Նախարարը տեղեկացրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել դպրոցների համակարգչային վերազինման ուղղությամբ և աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունն այսօր մոտ է եվրոպական երկրների միջինացված ցուցանիշին: Նախարարը միաժամանակ նշել է, որ ՉԺՀ աջակցությամբ ավագ դպրոցների համակարգչային վերազինումը էական ազդեցություն կարող է ունենալ կրթության որակի ապահովման գործընթացում:
Կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում նախարարը և դեսպանը քննարկել են Կոնֆուցիուսի ինստիտուտի ևս մեկ մասնաճյուղ Երևանի պետական համալսարանում բացելու հնարավորությունը, ինչպես նաև Երևանի ավագ դպրոցներից մեկում չինարենի խորացված ուսուցում կազմակերպելու հարցը:
Դեսպանը տեղեկացրել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը եվրոպական տարբեր երկրներում իրականացնում է կրթական բազմաթիվ ծրագրեր և հնարավոր է նաև նման ծրագրերի ներդրումը Հայաստանում:
Հանդիպման ավարտին նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք ուսանողական համաշխարհային 26-րդ ունիվերսիադային Հայաստանը կմասնակցի պաշտոնական բարձր մակարդակով, ինչպես նաև ուսանողական ֆեդերացիայի ձևավորած թիմը լավ պատրաստված է ներկայանում մրցումներին և հույս է հայտնել, որ Շենժենում հայ ուսանող-մարզիկները կունենան մեծ հաջողություններ, մասնավորապես շախմատ և թաեքվանդո մարզաձևերում:

Իմ գրադարանը