11/30/2011

Կարևորվել է համատեղ աշխատանքը` հօգուտ երեխաների

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ( UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ով վերջերս է ստանձնել իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին` նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ ԿԳ նախարարության և UNICEF-ի համգործակցության արդյունավետ փորձը հնարավորություն կտա ձևավորել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ` հօգուտ Հայաստանի երեխաների:


«Մենք կարևորում ենք նոր և ինտենսիվ որակի համագործակցությունը: Հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապագայի համար հուսալի և ամուր հիմքերի ստեղծումը, ինչպես նաև երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը կրթության և գիտության նախարարության գերակայությունն է»,- մասնավորապես նշել է նախարար Ա. Աշոտյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Արենսին, նշելով, որ հաճույքով է աշխատանքի անցել մեր երկրում, ընդգծել է, որ UNICEF-ի համար կրթության ոլորտն առանցքային է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերին, որոնցից կարևորվել է հատկապես համագործակցությունը ներառական կրթության ոլորտում: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել, որ ներառական կրթության ոլորտում Հայաստանը համարվում է տարածաշրջանում առաջատարը, և նշել, որ այս ուղղությամբ մշակվում են նոր ծրագրեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել բոլոր համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ու շարունակականությունը, ինչպես նաև քննարկել նոր նախագծեր:

Իմ գրադարանը