Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում սեպտեմբերին Երևանում կազմակերպվել էր «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» միջազգային համաժողովը, որն ընդգրկված էր Բոլոնիայի գործընթացի օրակարգում և համարվում էր համաեվրոպական պաշտոնական կրթական միջոցառումներից մեկը: Օրերս հրապարակվել է համաժողովի հաշվետվությունը, որում գլխավոր զեկուցող Լիվյու Մաթեյը միջոցառումը դիտարկում է որպես Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարձրագույն կրթության ֆինանսավորման ուղղությամբ կազմակերպված առաջին լայնամասշտաբ միջազգային համաժողով:Նա ընդգծում է, որ չնայած Լյուվենում 2009թ. նախարարների համաժողովից ի վեր բարձրագույն կրթության ֆինանսավորումը հանդիսանում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի և Բոլոնիայի գործընթացի գերակա խնդիրներից մեկը, սակայն գործնականում ոչ մի առաջընթաց չի եղել կոնկրետ խնդիրներ հնչեցնելու կամ քաղաքականության ուղենիշներ սահմանելու գործում, որի արդյունքում այն դեռ մնում է միայն որպես ընդհանուր և բավականին վերացական առաջնահերթություն։ Իր և մյուս մասնակիցների կողմից ողջունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության այս նախաձեռնությունը` գլխավոր զեկուցողը նշում է, որ Բոլոնիայի գործընթացը իրականացվում է ավելի քան 10 տարի, սակայն առաջին անգամ է, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում կազմակերպվում է բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված նմանատիպ կարևոր համաժողով։
Համաժողովի հիմնական եզրակացությունը, ըստ Լիվյու Մաթեյի, կայանում է նրանում, որ որպես քաղաքականության ասպարեզ, բարձրագույն կրթության ֆինանսավորումը շարունակվում է դիտվել որպես Բոլոնիայի գործընթացի ամենաթույլ կողմ։
Գնահատելով համաժողովի արդյունավետությունը` գլխավոր զեկուցողը նշում է. «Համաժողովն արդյունավետորեն մատնանշեց բարձրագույն կրթության ֆինանսավորման կարևորությունը՝ Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի ավելի լայն շրջանակում։ Քաղաքականություն մշակողների համար գոյություն ունեցող «Քաղաքական բացթողման» պարզորոշ գիտակցումը և որոշակի երաշխավորությունները կարող են ծառայել որպես Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրների լուծման ուղղությամբ կատարված առաջին հաջողված քայլ»։