11/03/2014

Սահմանդրական փոփոխությունները գիտական հարթակում

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողով) և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի կողմից  համատեղ կազմակերպած  «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով միջազգային համաժողովին:

Նախարարը, ողջունելով միջազգային համաժողովի մասնակիցներին, իր խոսքում հիմնական շեշտադրումը կատարել է սահմանադրական փոփոխությունների գիտական բաղադրիչի վրա. «Սահմանդրական փոփոխությունների գործընթացը և հատկապես այդ գործընթացի քննարկումները  Հայաստանում ունեն  երկու հիմնական բաղադրիչ՝ գիտաիրավական և քաղաքական: Այսօրվա համաժողովը նպատակ ունի խնդիրները քննարկել գիտական հարթակում:  Իբրև կրթության և գիտության նախարար՝ ուրախ եմ փաստելու, որ Բրյուսովի անվան նախկին լեզվաբանական համալսարանը՝ ստանալով լեզվահասարակագիտական համալսարանի կարգավիճակ, նախաձեռնել է հասարակագիտական հետազոտություն և կազմակերպել գիտական համաժողով  սահմանդրական բարեփոխումների վերաբերյալ՝ խնդիրը դիտարկելով երկրի սոցիալ-մշակութային, և հասարակական-քաղաքական զարգացումների համատեքստում:  Սահմանադրական բարեփոխումների գիտական քննարկումները  շատ «պոպուլյար» չեն, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ միայն գիտական քննարկումներն են ի զորու  ապահովել գործընթացի  խորքային վերլուծություն՝ ներկայացնելով սահմանադրությունների ազդեցությունը նորանկախ կամ հետկոմունիստական երկրների և  հասարակությունների  զարգացման վրա»,- իր ելույթում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Միջազգային համաժողովին մասնակցել են ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը, 12 երկրներից հրավիրված փորձագետներ:

Իմ գրադարանը