2/27/2014

Երևան-2015. եվրոպական կրթական մայրաքաղաք

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քաղաքապետարանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ 2015 թվականին կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին ընդառաջ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրակրթության ոլորտում քաղաքապետարանն ու  նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, սակայն համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում նոր ուղղություն է: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ 2012 թվականից Հայաստանը ստանձնել է  Բոլոնիայի քարտուղարության իրականացումը և փաստացի արդեն երկու տարի անընդմեջ Երևանը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաքը: 

«Նախարարական գագաթաժողովը քարտուղարության կարևորագույն միջոցառումն է, որը իրադարձություն է ոչ միայն կրթական համակարգի, այլև մեր պետության և, անշուշտ, մայրաքաղաքի համար: Քարտուղարությունը ստանձնելուց ի վեր հայաստանյան թիմի աշխատանքը գնահատվում է արդյունավետ:  Ես վստահ եմ, որ երևանյան նախարարական գագաթաժողովը լինելու է լավագույններից մեկը Բոլոնիայի պատմության մեջ»,- նշել է  նախարարը և հավելել, որ Եվրոպայի ուսանաղական միության կողմից Երևանը հայտարարվել է նաև 2015 թվականի ուսանողական մայրաքաղաք: Այս երկու իրադարձությունները, Ա. Աշոտյանի գնահատմամբ, կրթական համակարգի միջազգայնացման համար ունեն կարևոր նշանակություն  և կարող են պատմական դառնալ: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավումը Եվրոպական կրթական տարածքում՝ ընդգծել է  կրթության և գիտության նախարարության և անձնապես նախարար Ա. Աշոտյանի ջանքերը Բոլոնիայի գործընթացի նախագահությունը ստանձնելու ուղղությամբ: «Երևանի համար մեծ պատիվ է դառնալ Եվրոպական    կրթական տարածքի մայրաքաղաք: Մայրաքաղաքում անցկացվող ցանկացած միջոցառում մեզ համար կարևոր է, առավել ևս, եթե այն վերաբերում է  կրթության ոլորտի ձեռքբերումներին»- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կաջակցի  նախարարական գագաթաժողովի աշխատանքներին: 
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են 2015թ. ՀՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի  և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման նպատակով զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակը:

Իմ գրադարանը