Ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2012-15-թթ ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և միաժամանակ առաջարկել Բրիտանական խորհրդին ակտիվ մասնակցություն ունենալ այս աշխատանքներում:
ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ ավագ դպրոցներում անգլերենի խորացված ուսուցման նպատակով:
Դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ բրիտանական կողմը պատրաստակամ է շարունակել իրականացվող ծրագրերը, ինչպես նաև քննարկել համատեղ նոր նախագծերի իրականացման հետ կապված հարցերը:
Քննարկման ընթացքում նշվել է, որ հանրակրթական դպրոցներն ակտիվորեն մասնակցում են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված Չ. Դիկենսի 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես <Ինչ կգրեր այսօր Դիկենսը> թեմայով շարադրությունների մրցույթին:
Կողմերը քննարկել են նաև անգլերենի ուսուցիչների կարողությունների ու հմտությունների զարգացման և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր: