ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 22-ից 24-ը պաշտոնական այցով գտնվել է Ֆրանսիայում: Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի, Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, UNESCO –ի գլախավոր տնօրենի կրթության հարցերով պատասխանատու Դիան Թանգի, կրթական այլ կառույցների պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտական կրթության կազմակերպման և ուսուցման, դպրոցների վարկանիշավորման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է մասնավորապես աշխատաշուկայում բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկի գնահատման խնդիրը:
ՀՀ ԿԳ նախարարին Ֆրանսիայի հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենը ներկայացրել է բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում որակի ապահովման և գնահատման ֆրանսիական փորձը: Հանդիպման ընթացքում նախարարն առաջարկել է Ֆրանսիայի Գործակալությանն իրականցնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների երկու մասնագիտական կրթական ծրագրերի եվրոպական որակի գնահատման փորձնական հավատարմագրում:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի և Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր: Մասնավորապես նշվել է, որ անհրաժեշտ է մշակել Հայաստանի ֆրանսիական համալսարանի զարգացման նոր ռազմավարական ծրագիր, ինչը հնարավորություն կտա բուհին դառնալ տարածաշրջանային ուսումնական կենտրոն: Կողմերը կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված գիտահետազոտական և ուսումնական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև փոխադարձ համագործակցությունը միջին մասնագիտական կրթության ոլորտում: Քնարկվել է նաև Հայաստանում ֆրանսիական դպրոց հիմնելու ծրագիրը:
Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են հիմականում մասնագետների պատրաստման, ուսուցիչների վերապատրաստման, մանկապատանեկան գրականության, համայնքի կողմից գրկանության պատրաստման և տպագրության, ինչպես նաև դպրոցներում հայերենի դասաժամերի, դիպլոմների փոխճանաճման, միասնական ուղղագրության վերաբերյալ հարցեր: