12/04/2011

Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության հեռանկարներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության համալսարանական և գիտահետազոտական հարցերի պատասխանատու Էլեն Դյուշենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է հատկապես Հայաստանի ֆրանսիական համալսարանի գործունեությունը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ֆրանսիական կողմի համար կարևոր է Հայաստանի կրթության և գիտության նախարարության գնահատականն ու մեկնաբանությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Շեշտելով, որ Ֆրանսիական համալսարանը մեր բարձրագույն կրթության համակարգի առաջատարներից է, ՀՀ ԿԳ նախարարը նշել է. <Ֆրանսիական համալսարանը բուհական համակարգում մեր ապագայի լավատեսության աղբյուրներից մեկն է, միաժամանակ մեր իրական ակնկալիքները այս համալսարանից շատ ավելի մեծ են: Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, կարծում եմ, գիտահետազոտական աշխատանքների նոր որակի անհրաժեշտություն ունի>: Նախարարը կարևորել է նաև, որ ֆրանսաիական համալսարանն ընդլայնի համագործակցության շրջանակը Ֆրանսիայի բարձարագույն կրթական հաստատությունների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Ֆրանսիական համալսարանի տարածաշրջանային մրցունակությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ֆրանսիական լիցեյի հիմնադրամանը, որի առաջարկը հնչել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների պաշտոնական հանդիպման ժամանակ: ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է Ֆրանսիական լիցեյի հիմնադրման միջպետական պայմանագրի նախնական տարբարկը` համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր որակը, նշելով, որ երկկողմ բարեկամությունը բոլոր ոլորտներում, և մասնավորապես կրթության ասպարազեում պատմական ավանդույթներ ունի:

Իմ գրադարանը