11/03/2014

Սահմանդրական փոփոխությունները գիտական հարթակում

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողով) և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի կողմից  համատեղ կազմակերպած  «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով միջազգային համաժողովին:

Նախարարը, ողջունելով միջազգային համաժողովի մասնակիցներին, իր խոսքում հիմնական շեշտադրումը կատարել է սահմանադրական փոփոխությունների գիտական բաղադրիչի վրա. «Սահմանդրական փոփոխությունների գործընթացը և հատկապես այդ գործընթացի քննարկումները  Հայաստանում ունեն  երկու հիմնական բաղադրիչ՝ գիտաիրավական և քաղաքական: Այսօրվա համաժողովը նպատակ ունի խնդիրները քննարկել գիտական հարթակում:  Իբրև կրթության և գիտության նախարար՝ ուրախ եմ փաստելու, որ Բրյուսովի անվան նախկին լեզվաբանական համալսարանը՝ ստանալով լեզվահասարակագիտական համալսարանի կարգավիճակ, նախաձեռնել է հասարակագիտական հետազոտություն և կազմակերպել գիտական համաժողով  սահմանդրական բարեփոխումների վերաբերյալ՝ խնդիրը դիտարկելով երկրի սոցիալ-մշակութային, և հասարակական-քաղաքական զարգացումների համատեքստում:  Սահմանադրական բարեփոխումների գիտական քննարկումները  շատ «պոպուլյար» չեն, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ միայն գիտական քննարկումներն են ի զորու  ապահովել գործընթացի  խորքային վերլուծություն՝ ներկայացնելով սահմանադրությունների ազդեցությունը նորանկախ կամ հետկոմունիստական երկրների և  հասարակությունների  զարգացման վրա»,- իր ելույթում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Միջազգային համաժողովին մասնակցել են ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը, 12 երկրներից հրավիրված փորձագետներ:

11/01/2014

Ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկի շնորհանդես

«Երկրապահ կամավորականների միությունում» այսօր տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ձենարկի ստեղծումը, նշել է, որ երիտասարդ սերնդի ռազմահայրնեասիրական դաստարակությունը պետք է սկսվի դպրոցներից. «Հատկապես մեր նորագույն պատմության մեջ շատ կարևոր է պատշաճ կերպով փոխանցել Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մեր մատաղ սերնդին: Ռազմական դոկտրինայի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է, որովհետև եթե մեկ ընդհանուր գաղափարի ներքո չեն համախմբված բոլորը, մանավանդ երիտասարդները, ապա այն պատշաճ մակարդակով չի կարող իրականացվել: Ուզում եմ շեշտել, որ այս տարիների ընթացքում հատկապես պատանի և երիտասարդ երկրապահների ակումբների ստեղծումը բավականին լուրջ մակարդակի է դրված: Համոզված եմ, որ այս ձեռնարկը ներդնելով մեր կրթական համակարգում` ավելի լուրջ հաջողությունների կհասնենք, առավել համակարգված կիրականացնենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախներում»,-նշել է Ս. Օհանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով`  ժամանակակից կրթությունը շատ արագ է զարգանում: «Կրթությունը միայն ուսումնական գործընթացը չէ. նրա բաղկացուցիչ, իսկ մեր ազգի համար նրա ճակատագրական մաս է կազմում դաստիարակությունը: Անարժեք կիրթ մարդը նույնքան վտանգավոր է պետության համար, որքան այլ բացասական հատկանիշներով օժտված անձը: Դաստիարակության նպատակներից մեկը քաղաքացի ձևավորելն է, իսկ հայ քաղաքացին նա է, ով առաջին հերթին հայ է, հետո` նոր քաղաքացի: Ժամանակակից հայ կերտելու համար հայ լինելն ավելի կարևոր է, քան ժամանակակից: Մեր դպրոցը լինելու է ազգային»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ռազմահայրենասիրական խնդիրները կրթական համակարգում արդիականացման, վերանայման և առավել համակարգված գործունեության կարիք ունեն: «ՊՆ-ի և այլ գերատեսչությունների հետ մեր նախարարությունն ամենամյա ռազմավարական ծրագիր է իրականացնում` ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Դրան զուգահեռ` հսկայական փորձ է կուտակել «Երկրապահ կամավորականների միությունը»` իր ակումբների գործունեությամբ և մեթոդաբանությամբ: Դպրոցներում այս ամենը համակարգելու, նորանկախ Հայաստանում մանկապատանեկան կազմակերպությունների հետագա ստեղծման և համակարգման առումով այս ձեռնարկը լավագույն միջոցներից մեկը կլինի»,-նշել է Ա. Աշոտյանը` իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ՊՆ-ին և «Երկրապահ կամավորականների միությանը»` կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած  ուշադրության և իրենց օրինակով երիտասարդների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու ու տարածելու գործում աջակցության համար: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» Հ/Կ-ի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Վերոնշյալ մեթոդական ձեռնարկը ստեղծվել է այդ հուշագրի շրջանակում:

10/31/2014

Աշխատանքային այց` ՀՀ Կոտայքի մարզ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Մարզային այցն ամփոփովել է մարզպետարանում՝ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությամբ:Նախարարին ուղեկցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

Նախարարի առաջին կանգառը Աբովյանի կրթահամալիրում էր, որի կազմում ներառված է երեք հաստատություն՝ նախնական արհեստագործական ուսումնարան, ավագ և հիմնական դպրոցներ: Համալիրն ունի 686 սովորող, որոնցից 180-ը` ուսումնարանում, 486-ը` ավագ և հիմնական դպրոցներում: Համալիրում իրականացվում է նաև ներառական կրթություն 30 երեխայի համար: Նախարարը շրջել է կրթահամալիրի դասարաններում, զրուցել սովորողների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, մասնավորապես, ավագ դպրոցում աշակարտների հաճախելիության ցուցանիշով: Դպրոցի տնօրեն Ա. Դաղբաշյանը նախարարին ներկայացրել է, որ ավագ դասարանների ծանրաբեռնվածությունը օրենքով սահմանված 20-25 աշակերտի սահմանում է, բացակայությունները շատ չեն: Ինչպես ուսումնարանում, այնպես էլ ավագ դպրոցում կրթահամալիրն այս տարի աշակերտների աճ է գրանցել:
Կրթահամալիրից հետո նախարարն ու մարզպետն այցելել են Աբովյանի պետական քոլեջ: Քոլոջն ունի 260 սովորող՝ 8 մասնագիտություններով: Պետության կողմից ՄԿՈՒ համակարգում պետպատվեր տեղերի 50 տոկոս աճը հնարավորություն է տվել ավելացնել անվճար սովորողների թիվը: Քոլեջի ուսանողները նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կրթության կազմակերպումից և ինքնուրույն են ընտրել իրենց մասնագիտությունը: Սովորողների մեծ մասը հիմնական կրթության հենքով են սովորում քոլեջում:
Մանկավարժների հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է միջին մասնագիտական կրթության նշանակությունը. «ՄԿՈՒ համակարգի աշխուժացումը սկսվել է մի քանի տարի առաջ. ակնհայտ է, որ այսօր սովորողների հոսքը դեպի քոլեջներ և ուսումնարաններ նկատելիորեն շատացել է: Դրան նպաստել է պետության քաղաքականությունը. այս տարի մենք ավելացրել ենք պետպատվերով հատկացված տեղերը, դրանք անգամ թափուր մնացին: Գործարար ոլորտի հետ մեր բանակցություններն ու հանդիպումները վկայում են, որ մասնավոր հատվածն ավելի շատ կարիք ունի միջին մասնագիտական ոլորտի մասնագետների»,- նշել է նախարարը: 
Քոլեջի մանկավարժների հարցերը հիմնականում վերաբերել են տեխնիկական բազայի համալրմանը և դասագրքերով ապահովմանը, ինչպես նաև քոլեջներում աշխատող դասախոսների աշխատավարձերի բարելավմանը: Նախարար Ա. Աշոտյանը նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից ՄԿՈՒ համակարգում, հատկապես քոլեջներում, աշխատավարձի բարձրացում արդեն եղել է, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական, իսկ ինչ վերաբերում է դասագրքերին, ապա նախարարի հավաստմամբ դասագրքերի պակաս հանրապետությունում չկա, հակառակը՝ դրանք միշտ 5 տոկոս ավել են տպագրվել:
«Խնդիրն ավելի շատ տեխնիկական է. հանրակրթական բաղադրիչն ապահովելու համար քոլեջներն ու ուսումնարանները պետք է օգտվեն ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերից: Պետք է սահմանված կարգով դիմել Դասագրքերի շրջանառու հիմնադրամին և սահմանված կարգով ստանալ այդ դասագրքերը: Ինչ վերաբերում է ՄԿՈՒ ոլորտի մասնագիտական դասագրքերին, վերջին տարիներին ձեռնարկներ են հրատարակվել 50 մասնագիտւթյունների համար, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային եղանակով: Այնումենայնիվ, այստեղ մենք դեռևս անելիք ունենք»,- նշել է Ա. Աշոտյանը:

Նախարարն այցելել է նաև Չարենացավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոց և թիվ 6 հիմնական դպրոցի հենքի վրա ստեղծված նախակրթարան: Ավագ դպրոցում նախարարը շրջել է դասարաններում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ: Ներկայացնելով դպրոցի ձեռքբերումները՝ տնօրենն ընդգծել է, որ իրենց սաներն հաջողություններ են ունեցել հանրապետական առարկայական օլիմպիադաներում՝ «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաներից: Ավագ դասարանների «Հանրահաշիվ» առարկայի և բնագիտական նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցի ուսուցիչներն արտահայտել են իրենց գոհունակությունը, սակայն «Երկրաչափություն» առարկայի համար նախընտրելի են համարել խորհրդային տարիներից գործող և վերահրատարկված տարբերակը: 
Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում նախարարը ծանոթացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված նախակրթարանի աշխատանքին. նախակրթարանում այժմ գործում է 3 խումբ` 80 սաների համար:
Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզկենտրոնում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ կրթական քաղաքականությունը Կոտայքի կրթական հաստատություններում իրականացվում է արդյունավետ. «Բարձրացված խնդիրները հիմնականում համակարգային բնույթի էին և ընդհանուր բոլոր մարզերի համար: Անկախ այն հանգամանքից, որ մարզերում կան մարզային և նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատություններ, միևնույնն է, մենք իրականացնում ենք միասնական կրթական քաղաքականություն՝ համագործակցելով մարզպետարանների հետ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Կոտայքի մարզից վերջին շրջանում նախարարության «Թեժ գծին» ահազանգերը նվազել են: Իբրև համակարգային խնդիր՝ նախարարը առանձնացրել է ուսուցչական համակազմի և հաստիքների անհամապատասխանությունը, որը պետք է դիտարկել ինչպես կրթության որակի, այնպես էլ սոցիալական ուղղվածության տեսանկյուններից: Անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը՝ Ա. Աշոտյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսվում է ավագ դասարանների գույքային և համակարգչային վերազինում, ինչպես նաև վիրտուալ բնագիտական լաբորատորիաների ներմուծում: «Մեր փորձն ու դիտարկումները ցույց են տալիս, որ կրթության որակի ապահվման համար տեխնիկական վերազինումից ոչ պակաս կարևոր է նաև տնօրենի և մանակավարժական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը: Դպրոցի հեղինակության և անվան համար տեխնիկայի վերջին ճիչը չի կարող որոշիչ լինել, եթե այնտեղ բանիմաց տնօրեն և մանկավարժներ չկան»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում անդարադարձ է եղել մարզում միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ դպրոցական «Տաք սնունդ» ծրագրի կազմակերպմանը, դպրոցական շենքերի վերանորոգմանը և ընթացիկ մի շարք այլ հարցերի:
Այցի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:


Իմ գրադարանը