9/09/2011

Լիտվայի փորձն ապացուցում է մեր բարեփոխումների արդյունավետությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի կրթության ոլորտների բարոփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները, ինչպես նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման հնարավորությունները։

Ընդգծելով, որ Լիտվայում կրթական բարեփոխումների արդյունքները բավականին տպավորիչ են, ՀՀ կրթության և գիտության նախարարը մասնավորապես նշել է. «Լիտվայի փորձը մեզ համար շատ օգտակար և հետաքրքիր է, որովհետև այդ երկրին հաջողվել է խորհրդային պետության կրթական համակարգի ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների արդյունքում համապատասխանել Եվրամիության կրթական չափանիշներին»:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է նաև, որ քննարկումների ժամանակ հայկական կողմը ևս մեկ անգամ եկել է այն համոզման, որ մեր երկրում իրականացվող կրթական բարեփոխումների ուղղությունները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներ, ճիշտ են, և համընկնում են եվրոպական լավագույն փորձին։«Ուղղակի այն բարեփոխումները, որ մենք սկսել ենք իրականացնել վերջերս, Լիտվայում իրականացվել են ավելի վաղ և այսօր արդեն տալիս են իրենց պտուղները»-նշել է Ա. Աշոտյանը։
Առաջիկայում Լիտվայի կրթական համակարգի փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանից մասնագետներ կմեկնեն Լիտվա՝ տեղում ծանոթանալու նրանց աշխատանքներին։ Նախատեսվում է նաև հայ-լիտվական պայմանագրի կնքում` կրթության և գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նախարարները պայմանավորվել են նաև երկու նախարարությունների կողմից ջանքեր գործադրել՝ միջբուհական կապերն ամրապնդելու ուղղությամբ։
Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, և տպավորված է մեր երկրով։ Անդրադառնալով Հայաստանի հետ կրթական համագործակցության խնդիրներին` Գինտարաս Ստեպոնավիչիուսն ընդգծել է, Հայաստանի և Լեհաստանի Բոլոնյան գործընթացի համանախագահության շրջանակում, Երևանում ընթացող կրթության ֆինանսավորման հիմնախնդիրներին վերաբերող միջազգային համաժողովի կարևորությունը։ Լիտվայի կրթության և գիտության նախարարը հայ գործընկերոջ հետ քննարկումներից առանձնացրել է մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատման, ուսանողների փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, նշելով, որ երկուստեք փոխանակման արժանի փորձ կա:
Երկու երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Լիտվայի կրթական համակարգի խնդիրներին։



Իմ գրադարանը