Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով եռօրյա միջազգային գիտական կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կոնֆերանսին մասնակցում են 120 պատվիրակներ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից: Ողջունելով մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեր երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային ներուժի զարգացման և մրցունակ քաղաքացիական հասարակության կայացման մեջ:Վարչապետի խոսքով՝ անցած 20 տարիների ընթացքում մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթություն: Վարաչապետն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների նպատակը կրթական համակարգի բարելավումն ու զարգացումն է:
Փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական շրջանակներին ինտեգրվելը համարելով կարևոր հանգամանք՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք կազմում: Կրթության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է ժողովրդավարական պետության խաղաղ և կայուն զարգացման կարևոր գործոններից մեկը»:
Նշելով, որ որակյալ և մատչելի կրթության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, Տիգրան Սարգսյանն շեշտել է, որ գործադիրը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի պետական և մասնավոր կրթական հաստատություններին հավասար հնարավորություններ ունենան: Նրա խոսքով՝ կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: «Վստահ ենք, որ մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել որակյալ և մրցունակ կրթական համակարգ՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը: Վստահ եմ, որ այս կոնֆերանսը թույլ կտա նորովի դիտարկել կրթական ոլորտի խնդիրները, պահանջներն ու զարգացման հնարավորությունները», - նշել է վարչապետը:
Միջազգային կոնֆերանսի հիմնական նպատակն է` դիտարկել կրթության, գիտության և տնտեսության ոլորտներում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղղությունները: Կոնֆերանսի շրջանակում նախատեսված են զեկույցներ, կլոր-սեղաններ և փորձի փոխանակման նպատակով մասնագիտական քննարկումներ: